Հոկտեմբերի 13-ին «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպոկենտրոնում մեկնարկեց Դիջիթեք էքսպո տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսը։ Ռոստելեկոմը միջոցառմանը հանդես է գալիս Հայաստանում նմանը չունեցող տվյալների մշակման կենտրոնով։ Այն ներկայացնելու համար ընկերությունն ընտրել է ինովացիոն, ինտերակտիվ և յուրօրինակ միջոց՝ տաղավարում մոդելավորելով տվյալների մշակման կենտրոն, որում 3D ռոբոտը՝ Օրիոնը, այցելուներին ուղեկցում է նորարարական տեխնոլոգիաների զարմանահրաշ աշխարհ՝ պատմելով տվյալների մշակման կենտրոնի գործառույթների և հնարավորությունների մասին։
Ռոստելեկոմ Հայաստանի այս հավակնոտ նախագծի շրջանակում նախատեսված է կառուցել ավելի քան 200 դարակաշար․ այն կլինի Հայաստանում ամենամեծ տվյալների մշակման կենտրոնը, որը կապահովի տվյալների անվտանգ մշակում, պահպանում մեծ և փոքր բիզնեսի, ինչպես նաև պետական կառույցների համար` հնարավորություն տալով նաև խնայել թանկարժեք սարքավորումներ ձեռքբերելու և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հսկայական գումարները։ Կառույցը տեղակայված է Աբովյան քաղաքում՝ մայրաքաղաք Երևանից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա, որի ռազմավարական դիրքը ապահովում է հարմարավետություն և արագ հասանելիություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդների համար՝ տրամադրելով ամենատարբեր լուծումներ՝ ներառյալ ամպային ծառայություններ: Տվյալների մշակման կենտրոնը կառուցվում է TIER III` սարքավորումների և ենթակառուցվածքների հուսալիության բարձր ստանդարտներով, ինչը ենթադրում է տվյալների կրկնակի պատճենման ապահովում, սնուցում էլեկտրամատակարարման երկու ենթակայանից, հովացման պահուստային համակարգ, սպասարկման և թարմացումների ժամանակ տվյալների մշակման կենտրոնի անխափան աշխատանք և այլ առավելություններ։Այս հուսալի ենթակառուցվածքը հաճախորդի համար կապահովի անխափան հասանելիություն տվյալներին և սպասարկում 24/7 ռեժիմով։
«Սիրով տեղեկացնում ենք, որ Ռոստելեկոմ Հայաստանի տվյալների մշակման կենտրոնի կառուցման համար կատարվող հսկայական աշխատանքը մոտենում է իր տրամաբանական ավարտին, և անչափ ուրախ ենք, որ արդեն իսկ շատ ասելիք ունենք դրա մասին տեխնոլոգիական ամենամեծ Էքսպոյում։ Առանձնակի ուշադրություն ենք ուզում հրավիրել տվյալների մշակման կենտրոնի ամպային ծառայություններին։
Ռոստելեկոմ Հայաստանը տրամադրելու է ամպային ծառայություններ տեղական և միջազգային հաճախորդներին: Դրանք առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն՝ բավարարելով բիզնեսի բազմազան կարիքները և տրամադրելով մասշտաբային, անվտանգ և արդյունավետ լուծումներ՝ այսպիսով նաև նպաստելով Հայաստանի թվային ապագայի զարգացմանը: Հատկանշական է, որ նման մասշտաբների տվյալների մշակման կենտրոնի դերը այսքանով չի ավարտվում: Բոլորովին վերջերս, առաջինը Հայաստանում, մենք ներդրել ենք ամպային խաղային ծառայություն համաշխարհային Geforce Now ընկերության հետ համատեղ, իսկ շատ մոտ ապագայում պատրաստվում ենք գործարկել ամպային տեսահսկման եզակի ծառայություն թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ բիզնես հաճախորդների համար՝ այսպիսով ստեղծելով ամպային ծառայությունների էկոհամակարգ» - նշեցին ընկերության Մարքեթինգի և Հանրային կապերի դեպարտամենտից։
Ուշագրավ է Ռոստելեկոմի տեսահսկման ծառայության բացառիկ լուծումը բիզնես բաժանորդների համար, որի շնորհիվ յուրաքանչյուր բիզնես կարող է հաշվել իր այցելուների քանակը տարբեր չափորոշիչներով՝ ըստ սեռի, տարիքի, ինչպես նաև չափել մարմնի ջերմաստիճանը։ Տվյալների մշակման կենտրոնը նախատեսվում է գործարկել 2024 թ-ի գարնանը: