OVIO | Հայաստանի միակ TIER III սերտիֆիկացված տվյալների կենտրոնը և դրա տնտեսական ու տեխնոլոգիական նշանակությունը

2025-07-03

Հարգելի պրն Ֆարամազյան, ձեր ընկերությունը խոշոր ներդրումային նախագիծ իրականացրեց, որն ի դեպ հավանության արժանացավ ՀՀ կառավարության կողմից, և մոտ մեկ տարի առաջ շահագործման հանձնեց Հայաստանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոնը։ Կխնդրեի համառոտ ներկայացնել այս նախագծի նպատակը և  նշանակությունը մեր երկրի տնտեսության համար։

Միջազգային չափանիշներին համապատասխանող  տվյալների կենտրոնի ներդրումային նախագծի իրականացման գաղափարը մեր կողմից ներկայացվել է ներդրողներին դեռևս տարիներ առաջ, երբ համաշխարհային շուկայում նկատվում էր տվյալների էքսպոնենցիալ աճի միտումները՝ կապված թվային ծառայությունների աճի հետ, ինչպիսիք են, օրինակ, պետական թվային ծառայությունները, էլեկտրոնային առևտուրը և այլն։ Մեր գաղափարը ներառում էր ՀՀ տարածքում ստեղծել սուվերեն տվյալների կենտրոն, որը հնարավորություն կտա մեր պետական և մասնավոր հատվածներին անվտանգ տեղակայել և պահել տվյալները։ Նպատակը հստակ էր՝ Հայաստանը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա ունենա իր ուրույն տեղը, որպես մի երկիր, որտեղ առկա է միջազգային չափորոշիչներին համապատասխանող սերտիֆիկացված տվյալների կենտրոն։

Յուրաքանչյուր պետության համար չափազանց կարևոր է ունենալ տվյալների կենտրոններ, որոնք մուլտիպլիկատիվ նշանակություն ունեն տնտեսության համար։ Նախ պետական մարմինները հնարավորություն են ստանում լոկալ տեղակայված ամպային տիրույթում ապահով պահել իրենց տվյալները՝ առանց զգալի ներդրումների, իսկ բիզնեսը հնարավություն է ստանում մատչելի կերպով ստանալ տեխնոլոգիական բարդ լուծումներ։ Տվյալների կենտրոնների առկայությունը դրական ազդեցություն ունի նաև էներգետիկ համակարգի վրա։ Կարևոր է նաև նշել օտարերկրյա ներդրողների համար նշանակությունը ցանկացած ներդրող, մասնավորապես տեխնոլոգիական ոլորտի, ներդրման վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի է առնում տվյալ երկրի ենթակառուցվածքների առկայությունը  ճանապարհների, կապի, էներգետիկ ենթակառուցվածքների հասանելիության հետ մեկտեղ նաև մեծ կարևորություն ունի տվյալների կենտրոնների առկայությունը։

Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները՝ մեզ հաջողվեց ստանալ Կառավարության հավանությունը և կառուցել մեր տվյալների կենտրոնը, որը կառուցված է միջազգային լավագույն փորձի հիման վրա, ունի երկու մեգավատտ հզորություն, սերտիֆիկացված է միջազգային հեղինակավոր ISO 27001, 27017, 27018, PCI/DSS և TIER III սերտիֆիկատներով և բավարարում է նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդի պահանջները։

 

Ի՞նչ ծառայություններ են մատուցվում OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնում

Ծառայությունները բազմաթիվ են մեր առաջարկների մեջ առավել կարևորում ենք ամպային ծառայությունները:

OVIO Cloud-ը կառուցված է բարձրակարգ ֆիզիկական սերվերների վրա և հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, ինչը այն դարձնում է իդեալական հարթակ բարձր արտադրողականություն և ծանրաբեռնվածություն պահանջող վիրտուալ լուծումների համար։

Բացի ինտերնետ հասանելիությունից, OVIO Cloud-ը հնարավորություն է տալիս սերվերներին միացնել նաև տվյալների հաղորդման առանձնացված կապուղիներ՝ ապահովելով ցանցի բարձր կայունություն և անվտանգություն։
Ինքնասպասարկման հարթակի միջոցով հնարավոր է հեշտությամբ իրականացնել սերվերների պահուստային կրկնօրինակման կառավարում՝ առանց տեխնիկական միջամտության։

Ամպային ծառայություններից բացի հիմնական ծառայությունների թվում են Colocation, Disaster Recovery, Cloud backup, S3 օբյեկտային պահուստավորում, Smart Hands, AntiDDoS ծառայությունները։

Հարկ եմ համարում նշել, որ OVIO-ն տրամադրում է կառավարվող ՏՏ ծառայությունների ամբողջական փաթեթ՝ սկսած սերվերների, ցանցային սարքավորումների և ենթակառուցվածքային այլ բաղադրիչների մոնիտորինգից և կառավարումից, մինչև հավելվածների, հոսթինգի և ՏՏ գործառնական գործընթացների արդյունավետ կառավարում։

Բացի այդ, մատուցվում են աջակցման ծառայություններ, այդ թվում՝ 24/7 տեխնիկական աջակցություն և ՏՏ խորհրդատվություն, որոնք օգնում են մեր հաճախորդներին արդյունավետ կառավարել, մասշտաբավորել և օպտիմալացնել իրենց ՏՏ ռեսուրսները՝ համապատասխանեցնելով դրանք իրենց բիզնեսի աճող պահանջներին։

Մեր տվյալների կենտրոնը համարվում է չեզոք օպերատորական ՏԿ (carrier neutral), որը նշանակում է որ տվյալների կենտրոնում մեր հաճախորդները հնարավորություն ունեն՝ օգտվելու ոչ միայն OVIO-ի ինտերնետի և տվյալների փոխանցման ծառայություններից, այլ ՀՀ-ում գործող բոլոր խոշոր օպերատորների հասանելիության ծառայություններից։


Ինչպիսի՞ տեխնիկական հնարավորություններ ունի OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը

OVIO-ի ՏԿ-ն ժամանակակից կառույց է, որը նախագծված է բացառիկ հուսալիություն, անվտանգություն և արդյունավետություն ապահովելու համար: Այն միացված է Հայաստանի հանրապետության էներգոհամակարգին 35 կՎ և 110 կՎ հզորությամբ իրարից անկախ սնուցվող 2 ենթակայանով։ Կենտրոնի անխափան աշխատանքն ապահովվում է նաև իրարից անկախ Mitsubishi մակնիշի 2 դիզելային գեներատորներով, որոնցից յուրաքանչյուրն ունի 2 մեգավատտ հզորություն։ Տվյալների մշակման կենտրոնում տեղակայված է ավելի քան 210 սերվերային պահարան՝ յուրաքանչյուրը՝ 5 կիլովատ հզորությամբ:


Ինչպե՞ս են ապահովվում հաճախորդի տվյալների անվտանգությունը

Անվտանգության մասին խոսելիս անհրաժեշտ է բաժանել այն երկու մասի՝ ֆիզիկական և ֆունկցիոնալ։

Ինչ վերաբերում է ֆիզիկական անվտանգությանը, OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը միակն է Հայաստանում, որը կառուցված է Tier III միջազգային ստանդարտների համապատասխանությամբ։ Կենտրոնում գործում է 24/7 ֆիզիկական վերահսկողություն։ Մուտքերն ու ելքերը վերահսկվում են  կենսաչափական նույնականացման համակարգով։ Գործում են հակահրդեհային անվտանգության համակարգեր, այդ թվում Chladon 227-ի կիրառմամբ հրդեհաշիջման և հրդեհահայտնաբերման ասպիրացիոն և ծխային սենսորներով համալրված համակարգեր։ Կառույցն ապահովված է առաջադեմ Mitsubishi և Systemair հովացման և օդափոխության համակարգերով, որոնք մշտապես ապահովում են սերվերների համար օպտիմալ ջերմաստիճան։ Տվյալների մշակման կենտրոնում կատարվում է 24/7 տեսահսկում տարածքում տեղադրված է մոտ 100 տեսախցիկ, որոնց դասավորվածությունը բացառում է «կույր կետերի» առկայությունը։

Ֆունկցիոնալ անվտանգության տեսանկյունից  OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը կառուցված է ISO 27001, 27017, 27018, PCI DSS միջազգային հեղինակավոր ստանդարտներին համապատասխան, որոնք  ենթադրում են տեղեկատվական անվտանգության կառավարում, ամպային համակարգերի պաշտպանություն, տվյալների գաղտնիություն և բանկային տեղեկատվության պաշտպանություն։

Մենք իրականացրել ենք անվտանգության համապարփակ միջոցառումներ՝ ներդնելով բազմաշերտ կիբերանվտանգության պրոտոկոլներ և  24/7 հսկողություն DDos հարձակումներին դիմակայելու համար։

Իսկ ինչ վերաբերում է մատակարար-հաճախորդ կապին, ապա պահպանվում են սարքավորումների հասանելիության սահմանափակման խիստ կանոններ։ Տվյալների մշակման կենտրոնի աշխատակիցները հասանելիություն չունեն հաճախորդների տվյալներին մասնագետները իրականացնում են  սարքավորումների հեռահար տեխնիկական աջակցություն՝ համաձայնեցված և հաճախորդի գործողությունների լիակատար վերահսկողության ներքո: Այս դեպքում հաճախորդներից յուրաքանչյուրը մուտք ունի միայն իր սեփական հաշիվ:


Արդյո՞ք ՀՀ-ում կան տվյալների մշակման կենտրոնների գծով մասնագիտացված կադրեր։

Նշեմ, որ մենք կարևորել ենք տեղական կադրերի ներգրավումը տվյալների մշակման կենտրոնի ինչպես կառուցման, այնպես էլ հետագա կառավարման աշխատանքներում։

OVIO-ի տվյալների կենտրոնի գործարկման նախագծում ներգրավված էին թե’ հայաստանյան, թե’ արտասահմանյան լավագույն մասնագետները։ Մյուս կողմից էլ այն շատ լավ առիթ էր տեղական համալսարանների և կրթական հաստատությունների հետ ավելի խորը համագործակցության համար՝ ընդլայնելով STEM (science, technology, engineering and mathematics) կրթությունը և առաջարկելով ՏՏ և տվյալների կառավարման մասնագիտացված վերապատրաստման ծրագրեր:


Ի՞նչ ազդեցություն կունենա տվյալների մշակման կենտրոնը ինտենսիվ զարգացող AI-ի (արհեստական բանականության) վրա։

Մեր տվյալների մշակման կենտրոնը տեխնիկապես պատրաստ է աջակցել արհեստական բանականության (AI) զարգացմանը՝ իր հզոր ենթակառուցվածքների միջոցով։ Այն տրամադրում է ճկուն և մասշտաբավորվող հաշվողական ռեսուրսներ, որոնք էական նշանակություն ունեն AI մոդելների ուսուցման և գործարկման համար։ Տրամադրվում է նաև DDoS պաշտպանություն, որը ապահովում է ծառայությունների անխափան աշխատանքը նույնիսկ կիբերհարձակումների պայմաններում, ինչպես նաև Veeam պահուստավորման լուծումներ, որոնք երաշխավորում են տվյալների ամբողջական պահպանումը և արագ վերականգնումը։ Այս ծառայությունների համակցումը ապահովում է AI նախագծերի բարձր արդյունավետություն, տվյալների պաշտպանվածություն և ընդլայնման հնարավորություն՝ դարձնելով ՏՄԿ-ն հուսալի հարթակ ինչպես AI, այնպես էլ այլ ինովացիոն ծրագրերի համար։

 

Որտե՞ղ է տեղակայված OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը։

Մեր տվյալների մշակման կենտրոնը գտնվում է Աբովյան քաղաքում՝ մայրաքաղաք Երևանից ընդամենը 16 կմ հեռավորության վրա, որի ռազմավարական դիրքը ապահովում է հարմարավետություն և արագ հասանելիություն թե տեղական, թե միջազգային հաճախորդների համար՝ տրամադրելով ամենատարբեր լուծումներ։