Իրերի ինտերնետ (IoT)

2022-11-14

Գաղտնիք չէ, որ թվային փոխակերպումները վերափոխել են մեր աշխարհը, մեր կյանքի ընթացքը և նույնիսկ մեր մտածելակերպն ու ապրելաոճը։ Ներկայումս թվայնացման և ավտոմատացման ալիքը ներառում է գրեթե ամեն ինչ՝ քաղաքային ենթակառուցվածքներ, ջրային և ջերմային համակարգեր, փրկարարական, ոստիկանական և բժշկական ծառայություններ, երթևեկություն, կրթություն, արդյունաբերություն, նույնիսկ մշակույթ։

Եվ այս համատեքստում հարկ է անդրադառնալ մի երևույթի, որը հանդիսանալով թվայնացման անբաժանելի մասը,  զարգանում է ժամ առ ժամ՝ վերափոխելով իր ճանապարհին պատահող ամեն ինչ․ այն է Իրերի ինտերնետը կամ Internet of Things (IoT):

Իսկ ի՞նչ է Իրերի ինտերնետը (IoT) և ի՞նչ նպատակով են այն կիրառում։

Իրականում Իրերի ինտերնետը ամենուր է․ սկսած օդափոխության համակարգից, որը Դուք կառավարում եք Ձեր սմարթֆոնով, մինչ սմարթ մեքենաները, որոնք երթևեկում են առանց վարորդի, սմարթ ժամացույցներից մինչ թվային համակարգերով հագեցած սմարթ տները, և այս ցանկը անընդմեջ ընդլայվում է։

Իրերի ինտերնետը մի համակարգ է, որը կազմված է միմյանց խելացիորեն կապակցված սարքերից` ներկառուցված սենսորներով և մեքենաներով, որոնք էլ իրենց հերթին հավաքագրում, մշակում և փոխանակում են անհրաժեշտ տվյալները բազմաթիվ վայրերից՝ ինտերնետի միջոցով:

Իսկ ի՞նչ նպատակով է կիրառվում Իրերի ինտերնետ (IoT) կոչված տեխնոլոգիական հրաշքը և ի՞նչ է արվում այս ողջ ինֆորմացիայի հետ։ Սարքերում ներկառուցված սենսորների և մեքենաների կողմից հավաքագրված ողջ տեղկատվությունը հավաքվում է IoT մեկ ընդհանուր հարթակի վրա, որտեղ էլ այն «հղկվում» և մշակվում է՝ վերածվելով արժեքավոր տվյալների շտեմարանի։ Այս տվյալներն էլ կիրառվում են այլ սարքերի կողմից ավտոմատացման, աշխատանքի արդյունավետության և օպերատիվության բարձրացման և անհամեմատ ավելի լավ արդյունքներ ստանալու նպատակով։

Այսպիսով, Իրերի ինտերնետը (IoT) ամենուր է՝ հաղորդելով մեր ապրելակերպին նոր արագություն, նոր որակ և նոր հնարավորություններ։