Մի հեռուստացույցի պատմություն․․․

2022-02-25

Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ դեռևս 100 տարի առաջ կատարված գյուտը՝ հեռուստացույցը և հեռուստատեսությունը, առհասարակ, կդառնան մեր կյանքի անբաժանելի բաղադրիչը։ Նույնիսկ եթե մենք հեռուստացույց չենք դիտում, միևնույն է այն միշտ միացված է և միշտ պատրաստ մեզ մատուցել տարաբնույթ և բազմաժանր բովանդակությամբ հարուստ ժամանց։

Հեռուստատեսությունը, որի առաջացման և զարգացման պատմությունը պատմության տեսանկյունից բավականին փոքր ժամանակահատված է զբաղեցնում, արմատապես փոխեց մեր հաղորդակցության չափանիշները, վերաբերմունքը տեղեկատվության, մշակույթի և ընդհանրապես աշխարհի նկատմամբ:

Երբ խոսքը վերաբերվում է հեռուստատեսությանը որպես գիտության և տեխնիկայի բնագավառի, այստեղ մենք հպարտանալու առիթ ունենք․ երկգույն՝ սև-սպիտակ, հեռուստատեսության առաջին համակարգը 1907 թ-ին առաջարկել է հայ ճարտարագետ, գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1925 թ-ին նա ստեղծեց նաև «Հեռատես» կոչվող առաջին եռագույն հեռուստացույցը, որը ժամանակակից գունավոր հեռուստացույցների նախահայրն է։

1923 թ-ին ռուս գյուտարար և ճարտարագետ Վլադիմիր Զվորիկինը հայտնագործել է էլեկտրոնային խողովակը: 1930-ական թվականներին ի հայտ եկավ կաթոդային ճառագայթային խողովակը, որը մինչ այժմ հանդիսանում է յուրաքանչյուր ժամանակակից հեռուստացույցի «սիրտը»:

Մինչև 1953 թ. բոլոր հեռուստահաղորդումները սև-սպիտակ էին: 1953 թ-ին ԱՄՆ-ում կայացավ առաջին գունավոր հեռուստահաղորդումը: Հայաստանում առաջին հեռուստահաղորդումը եթեր արձակվեց 1956 թ-ին, իսկ առաջին գունավոր հաղորդումը՝ 1971 թ-ին:

Իսկ ինչպե՞ս են պատկերները հաղորդվում հեռուստացույցին։ Գոյություն ունեն հեռուստապատկերը հեռուստացույցին հաղորդելու մի քանի եղանակներ: Վերգետնյա հեռուստատեսության համակարգում հաղորդիչն ազդանշաններն ուղարկում է ռադիոալիքներով, որոնք ընդունվում են սովորական ալեհավաքով: Արբանյակային հեռուստատեսային համակարգում ազդանշանները միկրոալիքներով ուղարկվում են մերձերկրյա ուղեծրով պտտվող արբանյակին: Վերջինս անդրադարձնում է դրանք և ուղարկում ներքև՝ ընդգրկելով հսկայական տարածքներ: Այսպիսի ազդանշաններն ընդունելու համար անհրաժեշտ է ունենալ արբանյակային ալեհավաք-ափսե: Մալուխային հեռուստատեսության համակարգում ազդանշաններն մալուխով հաղորդվում են անմիջականորեն հեռուստացույցին:

Թվային հեռուստատեսության համակարգում հեռուստաազդանշանները ծածկագրվում են թվերի տեսքով, որի արդյունքում պատկերներն ստացվում են չափազանց հստակ: Այժմ ողջ հեռուստատեսությունը գրեթե դարձել է թվային։

Դե իսկ Ռոստելեկոմի Սմարթ հեռուստատեսությունը ցանկացած հեռուստացույց դարձնում է սմարթ՝ հնարավորություն ընձեռելով օգտվելու մի շարք ծրագրային հավելվածներից անմիջապես TV էկրանից։ Մենք նաև առաջարկում ենք 185 և ավելի լավագույն բազմաժանր ալիքներ, որոնք կկազմակերպեն ձեր ընտանիքի հետաքրքիր հեռուստաժամանցը։

Միացե՛ք մեզ հիմա