Հոկտեմբերի 4-6-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում
տեղի ունեցավ «Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստան»-ի «Կառավարում,
Ռիսկեր, Վերահսկողություն․ Խթանելով համագործակցությունը»
խորագրով միջազգային կոնֆերանս։ Կոնֆերանսին ներկա էին շուրջ 200 մասնագետներ
մասնավոր, հանրային և ֆինանսական ոլորտներից ։
Միջոցառման գործընկերն էր OVIO ընկերությունը։
Կոնֆերանսի «Տեղեկատվական տեխնոլոգիա և արհեստական
բանականություն» սեսիայի բացումն իրականացրեց OVIO ընկերության տնօրեն Հայկ Ֆարամազյանը,
ով ներկայացրեց կորպորատիվ կառավարման, ռիսկերի և հսկողության դերը արդի տեխնոլոգիաների
աշխարհում։
«Ժամանակակից թվային աշխարհում կառավարումը
դարձել է մարտահրավեր։ Տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց առաջանում են նոր ռիսկեր,
և ՏՏ աուդիտը պետք է ոչ միայն վերլուծի իրողությունները, այլև կանխարգելի ռիսկերը և
ստեղծի դեպի առաջընթաց տանող գործիքակազմ։ Տեխնոլոգիաների ամբողջ ներուժը օգտագործելու
համար կազմակերպությունները պետք է խթանեն համագործակցությունը ՏՏ աուդիտի և ռիսկերի
կառավարման թիմերի միջև: Առանձին գործելակերպն այլևս կենսունակ չէ ներկայիս արագ փոփոխվող
միջավայրում»- նշեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Կոնֆերանսի բանախոսներն էին ոլորտի փորձառու
մասնագետներ Հայաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Սաուդյան Արաբիայից, Մեծ
Բրիտանիայից, Նիդերլանդներից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, ովքեր քննարկեցին կառավարման,
ռիսկերի, աուդիտի և հսկողության արդի մարտահրավերները, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության
և արհեստական բանականության ոլորտներում նոր տեխնոլոգիաների ներդրման փորձը։ Ներկայացվեցին
կորպորատիվ մշակույթի ձևավորման կարևորությունը, ինչպես նաև ներքին աուդիտի նոր ստանդարտներում
տեղ գտած փոփոխությունների ազդեցությունը պետական և մասնավոր ոլորտների համար։ Մասնակիցները
հնարավորություն ունեցան քննարկել նշված թեմաները կլոր սեղանների ձևաչափով և կիսվել
իրենց եզրահանգումներով՝ հմուտ փորձագետների մասնակցությամբ։
OVIO-ն, լինելով ֆիքսված ինտերնետի և հեռուստատեսության
ծառայությունների առաջատար ընկերություններից մեկը թե ֆիզիկական, թե իրավաբանական անձանց շուկայում,
դեռևս 2024թ․ մայիսին գործարկեց
Հայաստանում խոշորագույն Տվյալների մշակման
կենտրոնը՝ արդեն իսկ հաջողությամբ մատուցելով մի շարք ամպային ծառայություններ և այլ թվային
լուծումներ։
Հայաստանի Ներքին
աուդիտորների ինստիտուտը հիմնադրվել է 2012թ.-ին և հանդիսանում է «Institute of
Internal Auditors-Global» միջազգային կազմակերպության գործընկերը Հայաստանում: