Ինտերնետը համարվում է 20-րդ դարի կարևորագույն գլուխգործոցը:
Նոր տեխնոլոգիաների և իհարկե Ինտերնետի շնորհիվ աշխարհում այժմ գրեթե ամեն ինչ թվային է դարձել։ Անհնար է 1 րոպե անգամ պատկերացնել մեր կյանքը առանց նրա՝ Ինտերնետի։ Լինի տանը, աշխատավայրում, փողոցում, թե սրճարանում, նա մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է։ Անվերջ տեղեկատվություն, շփում, աշխատանք, խորհրդատվություն, առևտուր, անգամ ճանապարհորդություն, այս ամենը կարող է մեզ հասանելի դառնալ ընդամենը 1 քլիքով՝ շնորհիվ ամենազոր համացանցի։
Իսկ ի՞նչ է Ինտերնետը և ի՞նչ պատմություն ունի այն։ Եկեք միասին բացահայտենք։
Ինտերնետը կամ նրա հայերեն տարբերակ Համացանցը ահռելի մեծ ցանց է, որի միջոցով աշխարհով մեկ սփռված միլիարդավոր համակարգիչներ կամ սարքավորումներ կարողանում են հաղորդակցվել միմյանց հետ և փոխանակել տեղեկատվություն։
Ի սկզբանե, այս ցանցը կոչվում էր ARPANET․ 1957 թվականին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը որոշեց Ամերիկայի համար ստեղծել տեղեկատվության փոխանցման հուսալի միջոց: Համաձայն ԱՄՆ-ի պաշտպանության հետազոտական նախագծերի գործակալության «DARPA» առաջարկի` փորձ է արվում ստեղծել համակարգչային ցանց, որի նախագծումը հանձնարարվում է Լոս-Անջելոսի Կալիֆորնիայի համալսարանին, Յուտա նահանգի համալսարանի Ստանֆորդի հետազոտական կենտրոնին:
Վերջիններիս համատեղ ուժերով ստեղծվում է ARPANET «անգլ.` Advanced Research Projects Agency Network» կոչվող համակարգչային ցանցը:
Ինչևէ, պատմության մեջ Ինտերնետի ստեղծման օր է համարվում 1969թ. հոկտեմբերի 29-ը, քանի որ հենց այդ օրը տեղադրվում է ARPANET–ի 1-ին սերվերը` 24 KB հիշողությամբ, և Կալիֆորնիայի համալսարանների միջև էլ կատարվում է կապի առաջին փոխանակումը:
Հատկանշական է, որ այս նոր տեխնոլոգիայի ստեղծման նպատակը ոչ թե ժամանակակից միջազգային ինտերնետային համակարգի ստեղծումն էր, այլ տվյալների տեղափոխման ցանցի զարգացումը, որը կդիմակայեր նույնիսկ միջուկային հարձակմանը:
Ինտերնետի զարգացման և ընդլայնման հաջորդ էական քայլը Dial-up կապն էր, որը օգտագործում է ստանդարտ հեռախոսագիծ և անալոգային մոդեմ՝ ինտերնետ մուտք գործելու համար տվյալների փոխանցման արագությամբ (DTR) մինչև 56 Կբիթ/վրկ:
Dial-up կապին փոխարինելու է գալիս Broadband-ը՝ լայնաշերտ ցանցը, որը լայն թողունակության տվյալների փոխանցումն է բարձր արագությամբ ինտերնետ կապի միջոցով:
Լայնաշերտ ցանցը ապահովում է բարձր արագությամբ ինտերնետ հասանելիություն բազմաթիվ տեսակի տեխնոլոգիաների միջոցով, այդ թվում՝ օպտիկամանրաթելային, անլար, մալուխային, DSL և արբանյակային:
Ինտերնետ կապի հաջորդ և ավելի արագ տարածվող տեսակը դարձավ բջջային լայնաշերտ կապը։ 2013-ի վերջին աշխարհում կար մոտ 1,9 միլիարդ բջջային կապի օգտատեր, իսկ 2018-ի վերջի դրությամբ՝ մոտ 5,3 միլիարդ, ինչը հինգ տարվա ընթացքում մոտ 180% աճ է:
Ընդհանուր առմամբ Ինտերնետը շատ է փոփոխվել տարիների ընթացքում։ Փոխվել է նրա արագությունը՝ հասնելով մի քանի հարյուր Մբ/վ-ի։ Սինգապուրը այստեղ աչքի է ընկնում իր առաջադիմությամբ։ Այստեղ մարդիկ օգտվում են ամենաարագ ֆիքսված լայնաշերտ կապից՝ 213,18 Մբ/վ ներբեռնում։
Փոխվել և կատարելագործվել են Ինտերնետի մատակարարման միջոցները․ այժմ կարող ես միանալ Ինտերնետ ցանցին առանց լարերի և առանց հավելյալ այլ սարքավորումների, ընդամենը անհրաժեշտ է WiFi (Wireless Fidelity) ցանց և վերջ, Ինտերնետի անծայրածիր հնարավորությունները քո տրամադրության տակ են։
Փոխվել է նաև Ինտերնետ օգտատերերի թիվը․ 2021 թ․-ի տվյալներով աշխարհում Ինտերնետից օգտվողների թիվը հասնում է շուրջ 5 միլիարդի։ Իսկապես նա գրեթե ամենուր է։
Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ մի օր Ինտերնետը կվերածվի աշխարհով մեկ տարածված, հասարակության ազատ օգտագործման համար նախատեսված համընդհանուր ցանցի, առանց որի մենք այժմ մեր կյանքը չենք կարող պատկերացնել։
Ռոստելեկոմի Ինտերնետ ծառայության հատուկ առաջարկներին կարող եք միանալ այստեղ