OVIO ընկերությունն
իրականացրեց Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը։
Կոմերցիոն
շահագործման հանձնված Տվյալների մշակման կենտրոնն իր հզորություններով կապահովի
Հայաստանում տվյալների կառավարման և ամպային ծառայությունների հիմնական մասը։ Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ
կզբաղեցնեն՝ տրամադրելով մասշտաբային, անվտանգ և արդյունավետ լուծումներ։
OVIO-ի Տվյալների մշակման
կենտրոնը կառուցված է TIER III սարքավորումների և ենթակառուցվածքների
հուսալիության բարձր ստանդարտներով, ինչը ենթադրում է տվյալների կրկնակի պատճենման
ապահովում, սնուցում էլեկտրամատակարարման երկու ենթակայանից, հովացման պահուստային
համակարգ, սպասարկման և թարմացումների ժամանակ տվյալների մշակման կենտրոնի անխափան
աշխատանք և այլ առավելություններ։ Այս հուսալի ենթակառուցվածքը հաճախորդի համար
կապահովի անխափան հասանելիություն տվյալներին և սպասարկում 24/7 ռեժիմով։
«Մեծ պատիվ է ազդարարել
Հայաստանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոնի պաշտոնական գործարկման մասին։
Այս գերժամանակակից կառույցի գործարկումը կարևոր քայլ է մեր երկրի տեխնոլոգիական
զարգացման ուղղությամբ և ընդգծում է համաշխարհային ՏՏ միջավայրում Հայաստանի
դիրքերն ամրապնդելու մեր հանձնառությունը։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր
նվիրված թիմին, մեր գործընկերներին և Հայաստանի կառավարությանը աջակցության համար։
Կարող եմ ասել, որ մեր Տվյալների մշակման կենտրոնը կգործի որպես տնտեսական աճի
կատալիզատոր՝ ներգրավելով արտասահմանյան ընկերություններին, ինչպես նաև
կկենտրոնացնի տեղական տեխնոլոգիական ներուժը: Տվյալների մշակման կենտրոնի շնորհիվ
ստեղծվել են և դեռ ստեղծվելու են հարյուրավոր աշխատատեղեր, որտեղ աշխատում են
որակավորված մասնագետներ, ովքեր շարունակաբար անցնում են վերապատրաստումներ» -
ասած OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Այս հավակնոտ նախագծի
շրջանակում կառուցվել է ավելի քան 200 դարակաշար․ այն կլինի Հայաստանում
ամենամեծ տվյալների մշակման կենտրոնը, որը կապահովի տվյալների անվտանգ մշակում,
պահպանում մեծ և փոքր բիզնեսի, ինչպես նաև պետական կառույցների համար`
հնարավորություն տալով նաև խնայել թանկարժեք սարքավորումներ ձեռքբերելու և դրանց
սպասարկման համար անհրաժեշտ հսկայական գումարները։ Կառույցը տեղակայված է Աբովյան
քաղաքում՝ մայրաքաղաք Երևանից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա, որի
ռազմավարական դիրքն ապահովում է հարմարավետություն և արագ հասանելիություն ինչպես
տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդների համար՝ տրամադրելով ամենատարբեր
լուծումներ։
Հաշվի առնելով երկրի
համար ռազմավարական նշանակությունը՝ ընկերության կողմից կառուցված Տվյալների
մշակման կենտրոնի ներդրումային ծրագիրն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը
և ներառվել ՀՀ Էկոնոմիկայի «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության
տրամադրման ծրագրում։
OVIO-ի Տվյալների մշակման
կենտրոնի գործարկման արարողությունը տեղի ունեցավ ք․ Աբովյանում՝ Տվյալների
մշակման կենտրոնի տարածքում։