Ի՞նչ է Disaster Recovery-ն

2025-07-15

Ինֆորմացիոն դարաշրջանում բիզնեսի ամենաթանկարժեք ռեսուրսներից մեկը տվյալներն են։ Բայց ինչպե՞ս կարելի է վստահ լինել, որ այդ տվյալները պաշտպանված են՝ անգամ ամենաանհավանական խափանումների դեպքում։ Այստեղ է, որ օգնության է գալիս Disaster Recovery համակարգը։ Disaster Recovery-ն պարզապես պահուստային պլան չէ, այլ տվյալներ տիրապետող բիզնեսի համար առաջնահերթություն և ռազմավարություն։

Disaster Recovery-ը (DR) գործընթացների և տեխնոլոգիաների համադրություն է, որն ուղղված է IT համակարգերի և տվյալների արագ վերականգնմանը՝ տարբեր խափանումներից կամ աղետներից հետո։ Խոսքը կարող է ինչպես սերվերներիի խափանման, այնպես էլ կիբերհարձակումների, բնական աղետներին կամ մարդկային գործոնով տեղի ունեցած սխալներին մասին։

Եթե բիզնեսը չունի արդյունավետ DR ռազմավարություն, նույնիսկ փոքր անսարքությունը կարող է վերածվել լուրջ ճգնաժամի։ Տվյալների անդառնալի կորուստը, որը կարող է պարունակել թե՛ ֆինանսական, թե՛ հաճախորդների զգայուն ինֆորմացիա, դառնում է իրական վտանգ։ Բացի այդ, ցանկացած տևողությամբ համակարգերից կտրվելը կարող է նշանակել եկամուտների կորուստ, հաճախորդների վստահության կորուստ և այլն։

Disaster Recovery-ը պատահական գործողությունների խումբ չէ, այլ հստակ քայլերի հաջորդակություն։ Գործընթացը նախևառաջ սկսվում է ռիսկերի գնահատմամբ, որի ընթացքում պարզվում է կենսական նշանակության համակարգերն ու տվյալները։ Հաջորդ քայլը DR պլանի կազմում է, որում մանրամասն նկարագրվում է վերականգնման գործընթացը։ DR պլանը հնարավոր դարձնելու համար կիրառվում են տեխնիկական լուծումներ, ինչպիսիք են backup համակարգերը, վիրտուալ միջավայրերն ու ամպային պահուստները։ Բայց դա դեռ բավական չէ. պլանը պարբերաբար պետք է թեստավորվի վստահ լինելու համար, որ այն աշխատում է իրական պայմաններում, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ պլանը պետք է արդիականացվի՝ հաշվի առնելով նոր տեխնոլոգիաները, բիզնեսի աճն ու փոփոխվող ռիսկերն ու առաջնահերթությունները։

Disaster Recovery-ը չի կարող լինել մեկ լուծում բոլորի համար։ Կախված բիզնեսի չափից, ռեսուրսներից և տվյալների արժեքից՝ հնարավոր է ընտրել մի քանի տարբերակ։

Սառը DR-ը (Cold DR) հանդիսանում է ամենամատչելին ծախսերի տեսանկյունից, սակայն այս տարբերակը տվյալների վերականգնման տեսանկյունից ամենադանդաղն է։ Սառը DR-ի դեպքում տվյալները պահվում են պահուստային սերվերում, սակայն այդ սերվերները մշտապես չեն գործարկվում և որևէ ակտիվ գործընթաց չի իրականացվում։ Երբ առաջանում է խափանում, պետք է սկզբում ակտիվացնել ամբողջ ենթակառուցվածքը և միայն հետո տվյալների հետ աշխատել։ Վերականգնման գործընթացը կարող է տևել ժամեր, իսկ երբեմն՝ օրեր։ Այս տարբերակը հարմար է այն կազմակերպություններն, որոնց մոտ տվյալների կարճաժամկետ կորուստը կամ համակարգերի անհասանելիությունը չի բերում լուրջ ֆինանսական կամ գործառնական հետևանքների։

Գոլ DR-ը (Warm DR) ավելի հավասարակշռված լուծում է։ Այս դեպքում տվյալները պարբերաբար կրկնօրինակվում են, իսկ պահուստային սերվերներն արդեն նախապես պատրաստ են և սպասում են ակտիվացման։ Թեև սերվերները մշտապես չեն աշխատում, համակարգը շատ ավելի արագ է վերականգնվում, քան սառը տարբերակի դեպքում։ Սա հիանալի տարբերակ է այն բիզնեսների համար, որոնց համար տվյալների պաշտպանությունը կարևոր է, սակայն բարձրարժեք լուծում կիրառելու անհրաժեշտություն չկա։ Այն ապահովում է լավ համադրություն՝ ծախսերի և վերականգնման արագության միջև։

Տաք DR-ը (Hot DR) ամենահզոր և ամենաարագ լուծումն է։ Այս դեպքում տվյալներն ու համակարգերը շարունակաբար և իրական ժամանակում կրկնօրինակվում են պահուստային հարթակի վրա։ Եթե ինչ-որ բան խափանվում է, ամբողջ համակարգը գրեթե ակնթարթորեն տեղափոխվում է երկրորդական հարթակ՝ առանց զգալի downtime-ի։ Սա ամենաթանկ լուծումն է, սակայն միակ տարբերակն է այն ոլորտների համար, որտեղ համակարգերի ընդհատումը կարող է առաջացնել մեծ վնասներ։ Տաք տարբերակը հատկապես կարևոր է ֆինանսական հաստատությունների, առցանց ծառայություններ մատուցողների և հեռահաղորդակցական ընկերությունների համար, որտեղ նույնիսկ մի քանի րոպեն կարող է վճռորոշ լինել։

DR լուծում ընտրելիս կարևոր է հաշվի առնել երկու հիմնական չափանիշ՝ RTO-ն (Recovery Time Objective) և RPO-ն (Recovery Point Objective)։ Առաջինը ցույց է տալիս, թե որքան ժամանակ կարող է գործել բիզնեսն առանց լուրջ  վնասների տվյալների բացակայության դեպքում, իսկ երկրորդը չափում է, թե տվյալների ինչ ծավալի կորուստը կարելի է համարվել ընդունելի իրավական կամ գործառնական հետևանքներից խուսափելու համար։ Որքան փոքր են այս արժեքները, այնքան ավելի հզոր և արագ DR լուծում է անհրաժեշտ կիրառել։

Disaster Recovery-ը պետք է ընկալել ոչ թե որպես «եթե պատահի» սցենարի ապահովագրություն, այլ որպես «երբ պատահի» սցենարի պատասխան։ Ճիշտ պլանավորված և լավ թեստավորված DR համակարգը նշանակում է տվյալներ պաշտպանվածություն, բիզնես գործընթացների արագ վերականգնում՝ նույնիսկ ամենածանր իրավիճակում։