Աշխարհում գրեթե ամեն ինչ թվային է դարձել Ինտերնետի միջոցով։ Մենք արդեն 1 րոպե անգամ չենք պատկերացնում մեր կյանքը առանց նրա՝ Ինտերնետի։ Լինի տանը, աշխատավայրում, փողոցում, թե սրճարանում, նա մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է։ Անվերջ տեղեկատվություն, շփում, աշխատանք, խորհրդատվություն, առևտուր, անգամ ճանապարհորդություն, այս ամենը կարող է մեզ հասանելի դառնալ 1 քլիքով՝ շնորհիվ ամենազոր համացանցի։
Մեր բլոգում հավաքել ենք մի քանի ուշագրավ փաստեր նրա մասին։
Այո, նա իսկապես գրեթե ամենուր է։ 2021 թ․-ի տվյալներով աշխարհում Ինտերնետից օգտվողների թիվը հասնում է շուրջ 5 միլիարդի։ Փաստորեն դեռ կան մարդիկ, ովքեր դեռևս չեն օգտվել Ինտերնետից։ Հետաքրքիր է, ինչպիսի՞ն է նրանց կյանքը։
Ինտերնետից օգտվել հնարավոր է տարատեսակ սարքերից, որոնց շարքերում առաջատար դիրք են զբաղեցնում բջջային սարքերը․ շուրջ 4.28 մլրդ օգտատեր միանում է համացանցին հենց բջջայինով։
Եթե ցանկանում ես դառնալ world wide web-ի մի մասնիկը, ուրեմն քեզ անհրաժեշտ է կայք։ Այսպիսով, համացանցում այս պահին իրենց գործունեությունն են ծավալում ավելի քան 1.86 միլիարդ կայքէջեր՝ ներկայացնելով տարաբնույթ ծառայություններ, ապրանքներ, տեղեկատվություն և այլն։
Գաղտնիք չէ, որ Ինտերնետում ամենատարածված լեզուն անգլերենն է։
Համացանցի ավելի քան 25.3 % -ը անգլերենն է զբաղեցնում, 19.8%-ը չինարենն է, իսկ 8%-ը՝ իսպաներենը։
Ինտերնետն ընդհանրապես հասանելի չէ Հյուսիսային Կորեայում: Միայն որոշ բարձրաստիճան պաշտոնյաների է թույլատրվում մուտք գործել համաշխարհային Ինտերնետ ցանց: Այլ քաղաքացիներ կարող են մուտք գործել միայն երկրի ներքին intranet, որը կոչվում է Kwangmyong։
Ի տարբերություն Հյուսիսային Կորեայի՝ Դանիայում, Իսլանդիայում, ԱՄԷ-ում, Քուվեյթում և Քաթարում բնակչության 98-99%-ը օգտվում է Ինտերնետից: Այս երկրներն ունեն Ինտերնետի ներթափանցման ամենաբարձր ցուցանիշն աշխարհում։
Chrome վեբ բրաուզերն ամբողջ աշխարհում օգտագործում է ինտերնետից օգտվողների 65,9%-ը։ Նրան հաջորդում է Safari-ն՝ 16.82%, իսկ 3-րդ տեղում է Firefox-ը՝ ընդամենը 4.09%։ Իսկ դու ո՞ր բրաուզերն ես նախընտրում։
Սինգապուրը այստեղ նույնպես աչքի է ընկնում իր առաջադիմությամբ։ Այստեղ մարդիկ օգտվում են ամենաարագ ֆիքսված լայնաշերտ կապից ՝ 213,18 Մբ/վ ներբեռնում։
1985-ի մարտի 15-ին գրանցվեց աշխարհում առաջին դոմենը՝ symbolics.com, որը մինչ այժմ գործում է։
Ինտերնետ օգտատերերի 92․17%-ն օգտվում է Google որոնողական համակարգից, որը կազմում է ավելի քան 4․2 միլիարդ մարդ: